Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում

Armenpress 14:54, 26 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի (ՄԽԱՏ) դպրոց-ստուդիան, որի ղեկավարը մանկավարժ, ռեժիսոր Վիկտոր Ռիժակովն է,  մայիսի 7-ին հանդես կգա Երևանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դպրոց-ստուդիան Երևանի Հովհ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի բեմում կներկայացնի «Բի-Դուբի-Բուի գաղտնիքը» մանկական երաժշտական ներկայացումը (բեմադրությունը՝ Տատյանա Բուրելի):

«Բի-Դուբի-Բուի գաղտնիքը» զարմանահրաշ ճամփորդություն է դեպի կախարդական աշխարհ։ Ներկայացման հերոսները ոչ միայն հրաշալի երգում ու պարում են, այլև տարբեր երաժշտական գործիքներ են նվագում։ «Բի-Դուբի-Բուի գաղտնիքը» պարզապես ներկայացում չէ, այն իսկական հոգեբանական և թերապևտիկ հեքիաթ է, որը թե´ մեծերին, թե´ փոքրերին անմոռանալի պահեր կպարգևի:

Վիկտոր Ռիժակովի արվեստանոցը բազմաթիվ նախագծերում և փառատոններում գրավել է հանդիսատեսի սրտերը։ Նրանց աշխատանքներն արժանացել են հանրության և մասնագետների ուշադրությանը:

Դպրոց-ստուդիան Երևանում հանդես կգա «Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնի նախաձեռնությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am